Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը հանրահավաքում

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը հանրահավաքում
25.10.2014 | 18:39

Սիրելի հայրենակիցներ.
Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետևանք մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ և արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:
Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն: Ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքական ոլորտում:
Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման և առողջացման որևէ խելամիտ և հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու: ՈՒ հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի և շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով:
Դուք համաձա՞յն եք իշխանության նման քայլերի հետ:
Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի: Մենք` երեք քաղաքական ուժերս, գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք:
Ես, որպես ԲՀԿ նախագահ, վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը:
Հայաստանը զարգացման և վերելքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանություն և նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:
Սիրելի հայրենակիցներ.
Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած:
Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է` մենք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը և իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք անում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը և ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը:
Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարևոր է մեծացնել համաժողովրդական համախմբման ծավալը: Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում. սա բոլորիս գործն է:
Լուրջ անելիք ունի նաև սփյուռքը: Պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի քաղաքական և տնտեսական հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում: Ես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին և հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի ձեր կարիքը: Միասին ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմներ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե կազմակերպիչ, թե նախաձեռնող:
Հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը:
Ես, այս հարթակին կանգնած որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել` Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք:
Եվ երկրորդ` անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված և աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որևէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի և անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը:
Սիրելի հայրենակիցներ,
Որևէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ հոկտեմբերի 10-ից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:
Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է էլ ավելի մեծացվի, և որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում թույլ չենք տալու անել:
Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարևոր որոշման մասին: Այսօրվանից սկսած մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձևավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար: Դրանք դառնալու են մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական և քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը:
Մենք պարտավոր ենք այս նոր ձևավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային և կազմակերպչական լուծումներ:
Սիրելի հայրենակիցներ,
Մենք շատ ժամանակ չունենք: Անհրաժեշտ են այս խոր, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր: Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է՝ ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի և ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:
Իսկ մինչ այդ հաշվի առնելով ժողովրդի օրհասական վիճակը և գոյություն ունեցող լրջագույն խնդիրները՝ մենք վերահաստատում ենք մեր պահանջը` ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները:
Սա է այս իրավիճակից դուրս գալու գրագետ, օպտիմալ ճանապարհը:
Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ:
Մեր գործն արդար է: Աստված մեզ բոլորիս պահապան:

Դիտվել է՝ 790

Մեկնաբանություններ